Աստծուն լուր են տալիս, թե բա չես ասի՝ էապես ու էսպես, հայոց աշխարհում ամենքը խենթացել են, աշխատում են գիշոր ու ցերեկ, ո՛չ քնում են, ո՛չ հանգստանում, քո հաստատած կիրակին էլ ոտի տակ են տվել:
Աստված իր հրեշտակներից մեկին ուղարկում է երկիր: Հրեշտակը գալիս է Հայք և ի՜նչ տեսնի, մարդիկ այնպիսի խանդավառությամբ են աշխատում , որ թվում է, թե երջանկության շուրջպարի մեջ են ընկել և չեն ուզում դադար առնել:
Հրեշտակին նկատելուն պես հայերը նրա թևքից քաշում են ու ասում. - Արի մեզ հետ աշխատիր, ի՞նչ ես պարապ կանգնել:
- Բայց ես ձեզ ասելիք ունեմ,- խոսում է հրեշտակը:
- Հիմա գործի ժամանակ է, ասելիքդ հետո կասես:
- Հետո ե՞րբ:
- Երբ վերջացնենք մեր գործը:
- Ե՞րբ կվերջացնեք:
- Չգիտենք:
- Բայց ինձ Աստված է ձեզ մոտ ուղարկել:
- Հետո՞ ինչ:
Տեսնելով, որ իրեն լսող չկա, հրեշտակը խառնվում է հայերին և սկսում ինքն էլ նրանց նման փութաջանորեն աշխատել: Օրերն անցնում էին, ամիսներ դառնում, հրեշտակը մոռանում է, թե ինքն ինչի համար է Հայք եկել և շարունակում է աշխատել:
Աստված ստիպված է լինում երկրորդ հրեշտակին ուղարկել Հայք: Բայց սա էլ գալիս է և առաջինի պես խառնվում հայերի աշխատանքին: Նույն բանը պատահում է նաև երրորդ հրեշտակի հետ:
Երեք հրեշտակներից ոչ մի լուր չառնելով՝ Աստված ինքն է ծպտյալ գալիս Հայք: Գալիս և տեսնում է, թե հայերն ինչպես են գործի լծվել, թե աշխատանքի պատճառած բերկրանից ինչպես են փայլում նրանց դեմքները: Աստված շտապ վերադառնում է երկինք և ինքն իրեն ասում.
- Ես այլևս ոչ մի հրեշտակի բանբեր չեմ ուղարկի հայերի մոտ: Հայերն իրենց աշխատասիրությամբ կվարակեն բոլորին, և նրանցից ոչ մեկը երկինք չի վերադառնա:
* * *
Որևէ գործ սկսելը կայծ է, վերջացնելը խարույկ:
* * *
Յոթ տեսակ երջանկություն կա, մեկը մարդուն Աստված է տալիս, մնացած վեցը՝ աշխատանքը:
* * *
Բոլոր երջանկություններից ամենաերկարակյացը աշխատանքով ձեռք բերածն է:
- - -
Աղբյուր՝ TS-Blog.do.am