Լազարյան Ճեմարան
1815թ. Մոսկվայի կենտրոնի Հայկական նրբանցքում բացվեց մի կրթօջախ՝ Լազարյան ճեմարանը, որը կառուցվել էր մեծահարուստ ազնվականներ, հայ ազգային-ազատագրական պայքարի երախտավորներ Լազարյանների միջոցներով ու նախաձեռնությամբ:
Ստեղծված լինելով որպես հայագիտական կենտրոն, հայ իրականության համար մասնագետներ պատրաստելու նախնական նպատակով, ծեմարանը ամբողջ Ռուսաստանում շատ շուտով դարձավ ժամանակի միակ արևելագիտական կենտրոնը, որը պատրաստում էր արաբերենի, պարսկերենի, թուրքերենի մասնագետներ:
Ճեմարանը գոյություն ունեցավ մինչև 1917 թվականը, որից հետո վերածվեց Մոսկովյան արևելագիտության ինստիտուտի, ճեմարանի շենքում սկսեց գործել հայկական մշակույթի տուն: Այս հանրաճանաչ մշակութային հաստատությունը գոյություն ունեցավ մինչև 1953 թվականը: Երբ շենքը նորից տրամադրվեց հայ ժողովրդին, մոտ 10 տարվա վերականգնման աշխատանքներից հետո Լազարյանների փառահեղ տեսք ստացած տունը նորից բացեց իր դռները: Այստեղ տեղավորված էին հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի մշտական ներկայացուցչությունն ու հայ-ռուսական բարեկամության թանգարանը: Այնուհետև որոշում կայացվեց Լազարյան ճեմարանի շենքում ստեղծել հայ-ռուսական բարեկամության թանգարան, և անմիջապես պարզ դարձավ, որ ապագա ցուցադրությունը պետք է սկսել Լազարյան ճեմարանին նվիրված համալիրից: Աշխատանքները տարվում էին ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում, մասնավորապես Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, որի մասնաճյուղն է այդ նորաստեղծ թանգարանը: Հիմնական դժվարությունը կապված էր նյութեր հավաքելու հետ, բայց հաջողվեց գտնել բնօրինակ նյութեր, որոնց շուրջն էլ ձևավորվեց ցուցադրությունը: Դա, մասնավորապես, նախկինում Լազարյան ճեմարանի տպարանին պատկանող գրքերն են, որոնք տրամադրվեցին Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի փոխանակման բաժնի կողմից: Հնարավոր եղավ ձեռք բերել ճեմարանի նախկին սաներ Վ. Տերյանի, Զ. Նասիլովի, Ի. Շտուցերի և այլոց մի շարք բնօրինակ նյութեր, բայց ցուցանշումների հիմնական մասը պատճենահանվեց Մատենադարանում, Շարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի պատմական արխիվներում, բուկինիստների խանությերում: Եվ տեղի ունեցավ հայ-ռուսական բարեկամության թանգարանի առաջին՝ <<Լազարյան ճեմարանի պատմություն>> մշտական ցուցադրության հանդիսավոր բացումը:
Նախկին Լազարյան ճեմարանի շենքը հետնապոլոնյան՝ Մոսկվայի աչքի ընկնող ճարտարապետական կոթողներից է, Հայկական նրբացքի զարդը: Նրա շինարարությունն սկսվել է 1812թ. ճարտարապետներ Պոդյաչևի և Պրոստակովի նախագծով: 1816թ. լրիվ պատրաստ էր կենտրոնական շենքը, իսկ 1823-ին նրան ավելացան կից շինությունները: Թանգարանը պատմում է լազարյանների ընտանիքի, նրանց մշակութային և տնտեսական բեղմնավոր գործունեության մասին: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում Եկատերինա II-ի, Ալեքսանդր II-ի՝ Լազարյաններին շնորհված հրովարտակներն ու շնորհակալագրերը, տոհմի ամենաակնառու ներկայացուցիչների շքեղ դիմակներն ու կիսանդրիները, փաստաթղթեր, որոնք արտացոլում են տոհմի գործնունեության ամենատարբեր կողմերը: Ցուցադրության երկրորդ՝ մեծ սրահը աբողջովին նվիրված է Լազարյան Ճեմարանի պատմությանը, սկսած նրա ստեղծման օրից մինչև 1921թ.:
Այցելուները ուշադրությամբ են ծանոթանում Լազարյան ճեմարանին երկրորդ և առաջին աստիճանի ուսումնական հաստատության կոչում տալը վավերացնող կառավարական փաստաթղթերին, ճեմարանի տպարանում հրատարակված գրքերին, աչքի ընկնող աշակերտներին և ուսանողներին տրվող բրոնզե մեդալին և շքանշանին: Ներկայացված են բնօրինակ լուսանկարներ, որոնք վերցված են լազարյան ճեմարանի 75-ամյակի առթիվ Փարիզում 1891թ. հրատարակված ալբոմից: Առանձին համալիրները պատմում են ճեմարանի թատրոնի, դասախոսների, ուսանողների, նրա տպագրական գործունեության, ռուս առաջադեմ մտավորականության հետ կապի, ճեմարանի՝ որպես արևելագիտական խոշոր կենտրոնի մասին:
- - -
Աղբյուր՝ http://TS-Blog.do.am
|
|