Հայաստանում առաջին բույսերը հայտնվել են ջրի մեջ անհիշելի ժամանակներում, միլիոնավոր տարիներ առաջ, երբ մեր երկիրը ծածկված էր համատարած ջրով: Հետագայում, երբ ջրերն սկսել են քաշվել, բույսերը ցամաք են դուրս եկել և տարածվել ամենուրեք: Հայկական լեռնաշխարհում հարյուր հազարավոր անուն բույսեր են աճել, հազարամյակների ընթացքում դրանց մի զգալի մասը ոչնչացել է:
Ծառերը լինում են փշատերև ու սաղարթավոր: Հայաստանում հիմնականում աճում են սաղարթավորները, որոնք աշնանը տերևաթափ են լինում և նորից տերևակալում գարնանը:
Ամեն ժողովուրդ իր սիրած, իր պաշտելի ծառն ունի: Հնագույն ժամանակներից հայոց ամենասիրած ծառը եղել է սոսին, որի տերևների սոսափյունով հայոց հեթանոս քրմերը գուշակություններ էին կատարում: Բացի այդ, հայոց հին մայրաքաղաք Արմավիրի կողքին եղել է մի արհեստական պուրակ, որը կոչվել է Սոսյաց անտառ և որը գոյատևել է 2300 տարի: Հիմա հայկական այդ հին սոսիներից հատուկենտ ծառեր են մնացել, դրանցից մեկը Գողթն գավառում է, մյուսը՝ Արցախի Սխտորաշեն գյուղում:
Հայկական լեռնաշխարհում տարածված մյուս ծառերից են կենին, կաղնին, բարդին, փռշնին, ծիրանենին, դեղձենին, փշատենին, տանձենին, բալենին, կեռասենին, սալորենին, արոսենին, զկեռենին, ընկուզենին, թեղին, թխկին, լորենին, խնձորենին, կեչին, հաճարենին, հոնին, նռնենին, սերկևիլենին և այլն:
Ծառը շատ օգուտներ է տալիս մարդուն: Նրա փայտից պատրաստում են շինանյութ, կահույք, նավեր, թուղթ: Պիտի իմանալ, որ մեր բոլոր լրագրերն ու գրքերը պատրաստում են փայտից:
Ծառերը բնության շնչառության կարգավորիչներն են: Հայկական ծառաշխարհը շատ է տուժել դարերի ընթացքում: Անխնա կտրտել, ոչնչացրել են հայկական շատ ընտիր ծառեր, նախկին վիթխարի չափերի հասնող անտառներից նոսրուտներ են մնացել: Պետք է հոգատար լինել ծառի հանդեպ: Ծառը հայոց բնության անփոխարինելի զարդն է:
Հայաստանը ցորենի հնագույն հայրենիքներից մեկն է: Վաղնջագույն ժամանակներից Հայաստանը համարել են ընտիր ցորենի շտեմարան: Հիմա չկա, բայց ժամանակին, նույնիսկ 1940-ական թվականներին, Հայաստանում աճում էր քռիկ (գալգալոս) ցորենը, որից պատրաստում էին փրփուր-փրփուր լավաշ:
Հայկական լեռնաշխարհը հարուստ է նաև բուրումնավետ ծաղիկներով և մարսողության այնպիսի խթանիչ համեմունքներով, ինչպիսիք են՝ սխտորը, թարխունը, ռեհանը, անանուխը, սոխը, ուրցը, մաղադանոսը և այլն: Հայաստանում գրեթե ամենուրեք կարելի է հանդիպել սնկերի, ջրիմուռների, մամուռների ու քարաքոսերի:
Հայկական լավաշը սննդարար և ամենադիմացկուն հացն է աշխարհում: Այն կարող են պահել մի քանի ամիս և օգտագործել ու համոզվել, որ չեն փոխվել նրա համն ու սննդառությունը:
* * *
Հայաստանում աճում էաշխարհի ամենաքաղցր խաղողը:
* * *
Աշխարհի ամենաընտիր դեղձը հայկական նարնջենին է:
- - -
Աղբյուր՝ TS-Blog.do.am