Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ը, Սարդարապատ կայանի (այժմ՝ ք. Արմավիր) շրջակայքում, հայկական կանոնավոր զորամասերի (աշխարհազորի աջակցությամբ) և թուրքական զորաբանակի միջև: Մայիսի 22-28-ը, 7 օր շարունակ, ղողանջել են Էջմիածնի Մայր տաճարի և Արարատյան դաշտի բոլոր գյուղերի եկեղեցիների զանգերը: Հայրենիքն իր որդիներին կռվի էր կանչում: Հայ ժողովուրդը շտապում էր պաշտպանելու իր հայրենիքի վերջին կտորը: Դա վճռորոշ ճակատամարտ էր հայ ժողովրդի համար:
Հայկական զորքերի ընդհանուր հրամանատարն էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը, զորամիավորումների հրամանատարներն էին գեներալ Մովսես Սիլիկյանը, գնդապետներ Դանիելբեկ և Պողոսբեկ Փիրումյանները և ուրիշներ: Թիկունքի կազմակերպումը և Երևանի անմիջական պաշտպանությունը ղեկավարում էր Արամ Մանուկյանը՝ Հայոց ազգային խորհրդի նախագահը, որը հետագայում դառնում է հայոց նոր պետականության հիմնադիրը:
Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը և նրան միացած աշխարհազորայինները՝ հեծյալ և հետևակ զորաջոկատները, գնդապետ Պողոսբեկ Փիրումյանի հրամանատարությամբ անցան հարձակման, կոտրեցին թշնամու դիմադրությունը և հարկադրեցին նահանջել: Հետագա օրերին հայերի հարձակումները շարունակվեցին և ճակատամարտն ավարտվեց հայերի փայլուն հաղթանակով: Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հետագայում Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանը, գրող Ակսել Բակունցը և հայ ժողովրդի երևելի զավակներից շատերը:
- - -
Աղբյուր՝ http://TS-Blog.do.am
|